Իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

24.04.2017

Կից լուսանկարներ

Veranstaltungen zum 102. Jahrestag des Genozids an den Armeniern

Veranstaltungen zum 102. Jahrestag des Genozids an den Armeniern

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 24-ին Բեռլինում՝ Գերմանական պատմության թանգարանի Շլյութերհոֆ սրահում կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի (ԳԿԽ) կողմից, Բեռլինի աշխարհիկ և եկեղեցական հայ համայնքների աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում Վատիկանի նունցիուս, արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչը, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները նախ ծաղկեպսակներ զետեղեցին Բեռլինի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև: Արարողությանը ներկա էին նաև Բեռլինի կառավարության արտաքին կապերի վարչության տնօրեն Ֆոլքեր Պելեն, Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերի ավետարանական եկեղեցու առաջնորդ Եպիսկոպոս Մ. Դրյոգեն, ՀԱԵ Գերմանիայի թեմի Առաջնորդական փոխանորդ Սերովբե Վարդապետ Իսախանյանը և Կաթոլիկ եկեղեցու Բեռլինի փոխառաջնորդ Թոբիաս Պրչուտարսկին:

Գերմանական պատմության թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարթ Բուլմանը, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԿԽ վարչության անդամ Ա. Դագեսյան-Շմիդթը, Համբուրգի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը։

ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քաղաքակիրթ հասարակության ջանքերն իրենց ավանդն են բերում աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին ավելի կարևոր է դառնում հատկապեսՄերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան հայ անվանի երաժիշտներ` թավջութակահարներ Միքայել Հախնազարյանը, Հայկ Սուքիասյանը և դաշնակահար Ժորա Սարգսյանը:

Հուշ-երեկոն ավարտվեց տերունական աղոթքով, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` մատուցմամբ Առաջնորդական փոխանորդ Սերովբե Վարդապետ Իսախանյանի: 

Ապրիլի 24-ին Մյունխենում մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ, որին հայ և գերմանացի երգահանների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հայ երաժիշտներ:

Համերգի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն էին հղել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ պրոֆ. Նորբերտ Լամերտը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ անկացվեցին նաև Համբուրգ, Քյոլն և Շտուտգարտ քաղաքներում:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր