Լուրեր

Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը

01.12.2018

Կից լուսանկարներ

Die Gründung der armenischen Kulturgemeinde in Leipzig

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Լայպցիգ քաղաքի Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը:
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի վարչության ղեկավար դր. Անահիտ Բաբայանը: Ներկաներին իր խոսքը հղեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, շնորհավորելով կառույցի ձևավորման առթիվ, մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ նման կարևոր կառույցի հիմքը դրվում է մի քաղաքում, որն իր մեջ պարուրում է հայ-գերմանական հիշարժան պատմական առնչություններ, որը հայ մեծանուն զավակների համար կարևոր գիտակրթական կենտրոն է եղել և իր ուրույն հետքն է թողել նրանց կրթության և գործունեության վրա: Ասածիս վառ ապացույցն է դեռևս 1880-ական թվականների կեսերին Լայպցիգի համալսարանի հայ ուսանողների կողմից հիմնադրված Հայ ակադեմիական միությունը, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը Գերմանիայում: Լայպցիգի համալսարանում են սովորել հայ ազգի անվանի զավակներ Ավետիք Իսահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը, Մանուկ Աբեղյանը, Լևոն Շանթը և այլոք, ովքեր հետագայում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի գիտակրթական, մշակութային և հոգևոր կյանքի զարգացման գործում: Սա Լայպցիգի հայ համայնքին հպարտանալու առիթ է ընձեռում, սակայն միևնույն ժամանակ նաև պարտավորեցնում` ակտիվ աշխատելու մեր մեծանուն զավակների ազգանվեր գործունեությունը շարունակելու համար»:
 
Լայպցիգի քաղաքապետի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության աշխատակից Սվեն Թրաութմանը (Sven Trautmann):
 
Միջոցառման շրջանակներում Լայպցիգի նորաստեղծ հայ համայնքը կազմակերպել էր Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում կատարումներով հանդես եկան հայ և օտարերկրացի երաժիշտներ: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր