Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը Leipziger Volkszeitung թերթին

24.04.2019

Կից լուսանկարներ

 ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը Leipziger Volkszeitung թերթին

Ամբողջ ալբոմ »

Հարց. Առկա՞ է արդյոք միտում, որ Թավշյա հեղափոխությունից հետո հայերը վերադառնում են Հայրենիք:

Պատասխան. Հայրենադարձություն տեղի է ունեցել դեռևս խորհրդային տարիներին: Այսօր այն նոր թափ է ստացել: Ներկայումս Հայաստան վերադարձողների մեջ մեծ թիվ են կազմում Խորհրդային Միության փլուզումից հետո երկրից հեռացած մեր հայրենակիցները: Հայաստանն ընդունել է Սիրիայից շուրջ 22000 փախստականների, հիմնականում՝ սիրիահայերի: Կարծում ենք, որ Հայրենիք վերադարձողների թիվն աստիճանաբար կավելանա:

Հարց. Կա՞ն հստակ ոլորտներ, հատկապես որոնց ներկայացուցիչները շատ են հայրենադարձների թվում:

Պատասխան. Նախևառաջ նրանք ՏՏ և արվեստի ոլորտների ներկայացուցիչներն են: Ոմանք Հայաստանում մշտական բնակություն են հաստատում, մյուսները՝ որպես երկրորդ բնակավայր:

Հարց. Կարծես թե Հայաստանում իշխանափոխությունից հետո շարժ է նկատվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նույնիսկ ամենաբարձր մակարդակով երկխոսություն է ընթանում Ադրբեջանի հետ: Որտե՞ղ է լուծումը:

Պատասխան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով կարգավորվի: ԼՂ բնակչության անվտանգությունը և Արցախի կարգավիճակը առանցքային առաջնահերթություն են ներկայացնոււմ: Այդ պատճառով է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ այնպիսի լուծում գտնելու նպատակով, որն արդյունքում ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, սակայն փոխզիջման գնալու պատրաստակամությունը միակողմ ճանապարհ չէ:

Հարց. Առավել բարդ են հարաբերությունները Թուրքիայի հետ:

Պատասխան. Թուրքիայի հետ սահմանը փակ է, և այն Եվրոպայի վերջին փակ սահմաններից է: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:

Հարց. Հնարավո՞ր է Ադրբեջանի հետ բանակցություններում բեկումը թուլացնի հակամարտության լարվածությունը:

Պատասխան. Ես այդ մասին արդեն հիշատակեցի: Մենք պետք է միմյանց հետ ապրենք:

Հարց. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքը 70,43% ձայն հավաքեց: Սա հստակ քվե է: Ինչպե՞ս են այժմ զարգանալու իրադարձությունները:

Պատասխան. Վարչապետը նշել է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հետևի տնտեսականը: Դա դյուրին չէ իրականացնել: Սակայն երկու հեղափոխություններն իրար կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով կառավարությունը պայքար է մղում օլիգարխների և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև լիարժեք իրավական պետության ձևավորման ուղղությամբ: Այս հարցում մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությունը: 2017թ. Հայաստանն արդեն ստորագրեց ԵՄ-ի հետ Համընդհանուր և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը Բունդեսթագը վավերացրեց այս տարվա ապրիլի 4-ին: Սա մեզ համար շատ կարևոր փաստաթուղթ է, քանի որ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում ակնկալում են ԵՄ-ի հետ խորացված և ընդլայնված համագործակցություն:

Հարց. Ինչո՞ւ է իրավական պետությունն այդպիսի առանցքային հարց:

Պատասխան. Մենք պետք է երաշխիքներ տրամադրենք օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանն իրավական պետություն է և ունենք անկախ դատական համակարգ: Սա մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել: Սակայն այս հարցում մենք ճիշտ ուղու վրա ենք: Վարչապետ Փաշինյանի դաշինքը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, ինչը բարեփոխումների իրականացման համար ամուր հիմք է:

Հարց. Ինչպիսի՞ն է Ռուսաստանի վերաբերմունքն այս զարգացումների հանդեպ:

Պատասխան. Հայ-ռուսական հարաբերություններն ավանդաբար սերտ են և ունեն պատմական ակունքներ: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ հարաբերությունները շարունակեցին մնալ սերտ և բարձր մակարդակի վրա: Երկու երկրների միջև առկա են ռազմավարական դաշնակցային ամուր կապեր: Ռուսաստանում են բնակվում և աշխատում շուրջ 1,8 մլն հայեր, ինչը ևս կարևոր կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Անկախությունից ի վեր մենք զարգացնում ենք այս սերտ հարաբերությունները՝ միաժամանակ փորձելով ընդլայնել հարաբերությունները ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ, որտեղ ևս շատ հայեր են ապրում: Եթե հակիրճ ներկայացնեմ, մեր քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամ», այլ «և՛, և՛» սկզբունքի վրա:

Հարց. Ինչպիսի՞ն է եկեղեցու դերը:

Պատասխան. Երբ խոսում ենք Հայաստանի և հայ հասարակության մասին, անհնար է այդ համատեքստում չդիտարկել նաև եկեղեցին: Եկեղեցին մարդկանց միասնական կյանքի կարևոր կապող օղակ է: Միաժամանակ վերջին շուրջ 2000 տարիների ընթացքում այն հայկական ինքնության ողնաշարն է հանդիսանում: Հայաստանում դժվար է գտնել մի շրջան, որտեղ հոգևոր կառույց չլինի: Բացի այդ, շարունակվում են նոր եկեղեցիներ կառուցվել: Որոշակի խմբերի կողմից Մայր Աթոռը հաճախ քննադատության է ենթարկվում, որ թույլատրում է նոր եկեղեցիների կառուցումը, մինչդեռ հները չեն վերականգնվում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի պատասխան նշում է, որ չենք կարող արգելել որևէ համայնքի՝ իր եկեղեցին կառուցել, եթե դա նրանց ցանկությունն է: Միաժամանակ մեծ ջանքեր են գործադրվում հին եկեղեցիների և վանական համալիրների պահանման և վերանորոգման ուղղությամբ:

Հարց. Թավշյա հեղափոխությունը շատ զուգահեռներ ունի Լայպցիգի Խաղաղ հեղափոխության հետ: Ե՞րբ է իրականություն դառնալու քաղաքային գործընկերությունը:

Պատասխան. Հուսով եմ, որ այս ուղղությամբ առնվազն մեկ քայլ առաջընթաց կգրանցվի: Օրինակ, Երևանը և Լայպցիգը Լիոնի հետ քույր քաղաքներ են: Պարտադիր չէ անմիջապես գործընկերության հաստատումը, նախևառաջ համատեղ գործընկերության մասին հուշագրի ստորագրումը նույնպես կարևոր քայլ կլիներ, այնուհետև ժամանակը ցույց կտար, թե ինչպես է այն կյանքի կոչվում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացվում են, օրինակ, համագործակցությունը բուհական ոլորտում Լայպցիգի Լայբնից ինստիտուտի հետ:

Հարց. Որքա՞ն ժամանակ է արդեն առկա Լայպցիգի և Երևանի միջև կապը:

Պատասխան. Գիտեք, դեռևս 1860թ. Լայպցիգում հիմնադրվեց առաջին Հայ ակադեմիական միությունը: Նախորդ տարի այստեղ հիմնվեց նաև Լայցպիգի հայկական մշակութային միությունը: Ընթերցողների և հատկապես մշակույթի սիրահարների համար առանձնահատուկ կարևոր տեղեկություն ունեմ. ս.թ. սեպտեմբերի 29-ին Լայպցիգի հռչակավոր «Gewandhaus»-ի համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենան աշխարհահռչակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Ամեն դեպքում, հաջող գործընկերություն հաստատելու հարցում ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ գործն իրականացնելու գաղտնիքը, ի վերջո, ընկած է ցանկանալու մեջ:

Հարց. Դուք երկու մշակույթներում էլ Ձեզ զգում եք ինչպես տանը: Ի՞նչ կարող են սովորել հայերը գերմանացիներից:

Պատասխան. Թերևս, մենք պետք է մեզանում ամրապնդենք գերմանական կարգապահական ոգին: Կարևոր է նաև խնայելու արվեստին տիրապետելը՝ նկատի ունեմ ունեցածը ճիշտ կառավարելը: Թիմային աշխատանքը երրորդ կետը կարող է լինել: Հայերս ուժեղ ենք շախմատի մեջ, բայց ոչ ֆուտբոլի:

Հարց. Եվ հակառա՞կը:

Պատասխան. Ի՞նչ կարող են գերմանացիները սովորել: Թերևս, մի փոքր ջերմությունն և էմոցիոնալությունը չէին խանգարի: Թեև Գերմանիայում երկրամասից երկրամաս այն տարբերվում է:

 

Հարցազրույցն ամբողջապես հասանելի է հետևյալ հղումով. http://www.lvz.de/Region/Mitteldeutschland/Berg-Karabach-Konflikt-friedlich-loesen

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր