Լուրեր
Կոմիտասը և նրա ժառանգությունը խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով ԳԴՀ Բեռլին և Հալլե քաղաքներում
08.10.2019
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հոկտեմբերի 8-ին, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի հանդիսությունների սրահում մեկնարկեց «Կոմիտասը և նրա ժառանգությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանը, Հալլե-Վիթթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Միջոցառումը մեկնարկեց Հումբոլդտի համալսարանի Երաժշտագիտական ֆակուլտետի շքամուտքի մոտ գտնվող Կոմիտասին նվիրված հուշատախտակի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողությամբ:
Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հումբոլդտի համալսարանի փոխնախագահ պրոֆ. Լուդվիգ Կրոնթհալերը (Ludwig Kronthaler), ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Անտյե Լեենդերցեն (Antje Leendertse), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հումբոլդտի համալսարանի Անդրմշակութային երաժշտագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Սեբաստիան Կլոտցը (Sebastian Klotz) և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
Լիագումար նիստերի և կլոր սեղան-քննարկումների ընթացքում ելույթներով հանդես եկան շուրջ երկու տասնյակ գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, ինչպես նաև Իտալիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:
Հոկտեմբերի 9-10-ը գիտաժողովը կշարունակի իր աշխատանքները Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում։