Լուրեր

Հայկական մշակութային օրեր Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում

09.10.2019

Կից լուսանկարներ

Հայկական մշակութային օրեր Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում

Հայկական մշակութային օրեր Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 9-ին ԳԴՀ Շտուտգարտ քաղաքում 9-րդ անգամ մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Հայկական մշակութային օրեր» միջոցառումների շարքը։ «Հրաշքներով լի երկիր» խորագրով մշակույթի օրերն այս տարի կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։

Մշակութային օրերի երաժշտական և գրականական հատվածները հիմնականում նվիրված են Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին։ Ծրագիրն ընդգրկում է նաև տարբեր քննարկումներ, կլոր-սեղաններ, հայկական խոհանոցը ներկայացնող գրքի շնորհանդես և այլն։

Մշակութային օրերի անցկացման աջակիցներն են ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Մշակույթի նախարարությունը, երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, գերմանական «Kärcher» ընկերությունը, «Մշակութային հիմնադրամ» ընկերությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը։

Բացման պաշտոնական արարողությանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին երկրամասում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Վերջինս իր ելույթում նշեց, որ այս միջոցառումների շարքն արդեն երկրամասի մշակութային օրացույցի անբաժանելի մասն են կազմում. «Այս տարի, երբ ողջ Գերմանիայի տարածքում տեղի են ունենում մի շարք համերգներ` նվիրված Կոմիտասի 150-ամյակին, այսօրվա համերգը յուրովի կլրացնի այդ շարքը»։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին, Համայնքի վարչության անդամներին, դեսպանն ընդգծեց, որ մշակույթն այն ուրույն և ամուր կամուրջն է, որ կարող է իրապես լավագույն կապող օղակ ծառայել հայ-գերմանական միջև հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար։

Համերգի ընթացքում փայլուն կատարումներով հանդես եկան երկրամասի կամերային նվագախումբը` դիրիժոր Ռուբեն Ղազարյանի գլխավորությամբ, մենակատարներ Հրաչուհի Բասենցը (սոպրանո) և պրոֆ. Գևորգ Դաբաղյանը (դուդուկահար)։

Տեսանյութը՝ https://bit.ly/35KmOuH

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր