• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում. ամփոփում

23 փետրվարի, 2022

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։

 

Արարատ Միրզոյանը և Տոբիաս Լինդները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձումը: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել  նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում:

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համապատասխան ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԱԳ  նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։

 

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

 

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկելու հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկան ամրապնդելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր:

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում: ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված բարենպաստ միջավայրն ու օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության հաջող փորձը։

Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջարեդ Քոհենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները: Հաշվի առնելով «Jigsaw Google»-ի հետաքրքրվածությունը հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան։

----------------------------------------------------------------------------------------------------------------

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

 

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, «GIZ» տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: