• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

08 ապրիլի, 2016

Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

ՀՀ Նախագահը հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը:

ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Լամմերթը վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակներում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և կընդլայնեն համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը` երկուստեք հույս է հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը տեսանելի ապագայում կստորագրվի: Ն. Լամմերթի խնդրանքով ՀՀ Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում խորհրդատվական աջակցության համար:

Բունդեսթագի նախագահի խնդրանքով ՀՀ Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: 

***

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ՀՀ Նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և իրադրության աննախադեպ սրման պատճառով առաջացած լարված իրավիճակն ու վերջին զարգացումները:

«Այն, որ այս դժվարին պահին ես այստեղ եմ, առավել քան խոսում է այն կարևորության մասին, որ Հայաստանը վերապահում է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Գերմանիայի դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր»,-ասել է Նախագահ Սարգսյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահներին է վստահված ԼՂ խնդրի կարգավորումը՝ ակնկալիքները մեծ են հենց ԵԱՀԿ-ից: Նախագահը նշել է, որ ակնկալվում են խաղաղությանն ուղղված գործնական քայլեր, իսկ 1994թ. զինադադարի ռեժիմի վերականգնումից հետո` այն խստորեն պահպանելուն միտված մեխանիզմների կիրառում։

Գերմանիայի արտգործնախարարը վերահաստատել է իրավիճակի կապակցությամբ հակամարտության կողմերին արված իր կոչը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ու վերադառնան Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցություններին: Արտգործնախարար Շտայնմայերը կարևորել է ԼՂ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիտորինգի վերսկսումը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ առումով անհրաժեշտ է համարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնումը և նրա գլխավորությամբ գործող գրասենյակի կարողությունների մեծացումը:

ՀՀ Նախագահը և Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են դինամիկ զարգացող երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը, նախանշել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 6-ին իր նստավայրում ընդունել է ԳԴՀ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը:

Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

***

Բեռլինի Բելեվյու ամրոցում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դաշնային Նախագահ Գաուկին` անցյալ տարվա ապրիլին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագի ժամանակ վերջինիս ելույթի համար: ՀՀ Նախագահը նշել է, որ այդ ելույթը հայ ժողովրդի համար մեծ կարևորություն ունի, քանի որ իր խոսքում Գաուկը գտել է ամենաճիշտ բառերը` բնութագրելու 1915թ. հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որով, ըստ Նախագահի, կամբողջանա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով դինամիկ զարգացող հայ-գերմանական հարաբերություններին, ընդգծել է, որ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է:

Զրուցակիցղները երկուստեք նշել են, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա, որին կարող է նպաստել նաև ապակենտրոնացված փոխգործակցությունը:

Նախագահներ Սարգսյանը և Գաուկը հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 6-ի երեկոյան Բեռլինից մեկնել է Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:

Բրանդենբուրգի կառավարությունում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել այդ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեի հետ:

«Լիահույս եմ, որ մեր երկխոսությունը շարունակական կլինի, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կծառայեցնեք նաև Հայաստանի և Բրանդենբուրգի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ապակենտրոնացված կապերի ընդլայնմանը»,-վարչապետ Վոյդկեի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական ոլորտում փոխգործակցությունը, գործարար համայնքի ներկայացուցիչների միջև շփումների խրախուսումը, այդ համատեքստում` գերմանական ներդրումների ներգրավումը հայաստանյան շուկա: Ողջունելով Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումները` վարչապետ Վոյդկեն նշել է, որ դրանք միտված են ապագային, և զարգացման ամենահուսալի ճանապարհն են:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի և Բրանդենբուրգի երկրամասի վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բրանդենբուրգ երկրամասի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:

Պոտսդամում ՀՀ Նախագահը Պոտսդամի քաղաքաապետ Յան Յակոբսի և Լեփսիուսի տուն-հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի ուղեկցությամբ շրջայց է կատարել հաստատությունում, որի ժամանակ Նախագահին ցուցադրել են գաղտնի արխիվներում պահվող Լեփսիուսի ձեռագիր փաստաթղթերի բնօրինակները:

ՀՀ Նախագահը գրառում է կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի գրքում. «Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ և պարզապես որպես հայ՝ խոր երախտիքով եմ գրում այս տողերը: Միայն մեծ մարդասերն ու արդարության անմնացորդ նվիրյալը այդքան հաղորդակից կարող էր լինել մեկ այլ ժողովրդի ցավին։ Յոհաննես Լեփսիսուսի գրչի շնորհիվ է նաև, որ այսօր՝ շուրջ մեկ դար հետո ճշմարտությունը կենդանի է, իսկ ժամանակն անզոր՝ սքողելու մարդկության սև էջերը։ Հայաստանն այսօր կանգուն է՝ հայ ժողովրդով, ինչպես դա ինքն էր փափագում»:

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը  հարցազրույցներ է տվել ԳԴՀ հանրային ARD և «Դոյչե Վելլե» հեռուստաընկերություններին:

***

Ավարտելով իր պաշտոնական այցը` Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի ղեկավարության և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար միջավայրը, երկրում իրականացվող շարունակական բարեփոխումները, օտարերկրյա ներդրումների հուսալիությունը երաշխավորող Հայաստանի երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային դաշտը, հայաստանյան շուկայում գործող գերմանական ընկերությունների գործունեությունը և հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գերմանացի գործարարները ՀՀ Նախագահից հետաքրքրվել են Հայաստանում հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և բանկային ծառայությունների, ճանապարհաշինության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, հյուրանոցաշինության և մի շարք այլ ոլորտների զարգացման միտումներով ու փոխգործակցության հնարավորություններով:


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: