• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

12 նոյեմբերի, 2021
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարո՛ն Սմբատյան, ավելի քան 6 տարվա պաշտոնավարումից հետո ավարտում եք Ձեր դիվանագիտական ծառայությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանի կարգավիճակում։ Գերմանիայի հետ է կապված Ձեր կենսագրության զգալի մասը։ Ի՞նչ զգացողություններով եք ավարտում Ձեր պաշտոնավարումը, որտեղ երկար տարիներ ե՛ւ սովորել եք, ե՛ւ աշխատել։

Իմ զգացողություններն ամփոփ կարող եմ բնութագրել երկու բառով՝ ջերմ և հիշարժան:

Ջերմ, քանի որ, ինչպես իրավացիորեն նշեցիք, երկար տարիներ եմ անցկացրել Գերմանիայում: Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱԳՆ համակարգում ծառայությանս ավելի քան 20 տարիների մեծ մասը գտնվել եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Մինչ այդ ուսանել եմ Դրեզդեն, Լայպցիգ և Բեռլին քաղաքների համալսարաններում, ինչը, բնականաբար, չէր կարող իր հետքը չթողնել իմ կյանքում․ խոսքը մի երկրի մասին է, որն աշխարհին հայտնի է որպես «մտավորականների և գրողների երկիր»՝ իր բազմաշերտ և հարուստ մշակույթով:

Մյուս բնութագրիչը «հիշարժանն» է, քանի որ ուսանողական տարիների, աշխատանքային գործունեության և, իհարկե, դիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք եմ բերել բազում ընկերներ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն նաև գերմանահայերը: Ոմանց հետ դեռևս ուսանողական տարիներից ենք նոր ճանապարհ սկսել, մյուսների հետ՝ ավելի ուշ: Սակայն միանշանակ կարող եմ նշել, որ շարունակում եմ նրանց հետ ջերմ կապեր պահպանել:

 

Որո՞նք են Գերմանիայում Ձեր դիվանագիտական գլխավոր ձեռքբերումները Ձեր կարծիքով։ Էական առաջընթաց հայ-գերմանական հարաբերություններում այս ընթացքում արձանագրվե՞լ է։ Առհասարակ ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և արդյո՞ք դրանք գոհացուցիչ են` հաշվի առնելով Գերմանիայի կարևորը դերը Եվրոպական միությունում և առհասարակ միջազգային հարաբերություններում։

Հետահայաց նետելով վերջին վեց տարիների հայ-գերմանական հարաբերություններին՝ թերևս սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ դրանք զարգանում էին դինամիկ կերպով՝ արտացոլելով երկու պետությունների շահերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում:

Թե՛ ժամանակագրության և թե՛ կարևորության առումով պետք է միանշանակ առանձնացնել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որը ոչ միայն առաջընթաց էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև արտացոլում էր Գերմանիայի վերաբերմունքը մարդկության դեմ նման հանցագործությունների նկատմամբ: Բանաձևի ընդունումն ինչ-որ առումով նոր էջ բացեց նաև հայ-գերմանական հարաբերություններում՝ գերմանական հասարակության ուշադրությունը բևեռելով ոչ միայն Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի վրա, այլև Հայաստանի՝ որպես Եվրոպայի համար մշակութային, քաղաքական և այլ ոլորտներում հետաքրքրություն ներկայացնող պետության վրա:

Վերջին տարիներին երկկողմ մակարդակով տեղի են ունեցել ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի՝ մեկ, Արմեն Սարգսյանի՝ մեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ պաշտոնական այց Գերմանիա: Ի դեպ, ՀՀ խորհրդարանի խոսնակի մակարդակով վերջին պաշտոնական այցը ԳԴՀ կայացել էր ավելի քան 20 տարի առաջ: Գերմանական կողմից պետք է առանձնացնել կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի այցերը Հայաստան:

ԳԴՀ կանցլերի մակարդակով առաջին պաշտոնական այցը Հայաստան եղել է 2018թ.-ին: Բնականաբար, այն նշանակալից էր քաղաքական, իհարկե նաև տնտեսական համագործակցության խորացման առումով:

Օրինակ, չեմ կարող չնշել Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը, ինչն իրականություն դարձավ կանցլեր Մերկելի անմիջական նախաձեռնությամբ:

Գերմանիայի՝ Հայաստանում տնտեսական լայն ներկայացվածության մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ այս տարիներին Հայաստանում հիմնադրվել է Գերմանական տնտեսական միավորումը, կայացել են նաև գերմանացի գործարար շրջանակների մի շարք այցեր Հայաստան:

Ուրախ եմ նաև նշել, որ այս տարվանից Լուֆթհանզա գերմանական խոշորագույն ավիաընկերությունը վերսկսեց թռիչքներ իրականացնել դեպի Երևան:

Ինչ վերաբերում է համագործակցությանը կրթության և գիտության ոլորտներում, ապա կարևոր է, որ 2017թ. Երևանում բացվեց Գյոթեի անվան կենտրոնը, որը համանուն ինստիտուտի լիարժեք բացման ճանապարհին հիմնարար փուլն է: Լիահույս եմ, որ մոտ ժամանակներս հայ հասարակության առջև իր դռները կբացի նաև Գյոթեի ինստիտուտը:

Շարունակելով գիտակրթական համագործակցության թեման՝ կցանկանայի առանձնացնել հայկական և գերմանական մի քանի բուհերի միջև համագործակցության համաձայնագրերի կնքումը:

Ապակենտրոնացված համագործակցության խորացման վառ օրինակներ էին գործընկերությունների հաստատումը Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե (Զաալե) քաղաքների, ինչպես նաև Դավթաշեն-Մուգգենշտուրմ և Գետափ-Ցուխաու համայնքների միջև:

Գերմանիայում կարևոր է հայագիտական կենտրոնի գործունեության շարունակականության պահպանումը՝ ի դեմս Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի: Իր հերթին, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում շարունակում են կարևոր ավանդ ունենալ Պոտսդամում գործող Լեփսիուսի տուն-թանգարանը և Բոխումի համալսարանում գործող Սփյուռքի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը:

Վերջին տարիներին ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսների թիվն ավելացել է 5-ով: Ներկայումս ՀՀ պատվավոր հյուպատոսների գրասենյակներ են գործում Բադեն-Վյուրթեմբերգ, Բավարիա, Համբուրգ, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ, Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասերում:

Ցանկանում եմ վստահաբար նշել, որ գործադրվել է ամեն ջանք՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման:

 

Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում` հատկապես Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո, բուռն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական գործընթացներ են ընթանում տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային մի շարք դերակատարների մասնակցությամբ։ Գերմանիան, որպես ԵՄ առաջատար երկրներից մեկը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ի՞նչ դիրքորոշում է արտահայտել տվյալ իրավիճակի, այդ թվում` հայ-ադրբեջանական հակամարտության, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարումների և Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Պե՞տք է արդյոք ակնկալել Բեռլինի կողմից ակտիվ քայլեր տվյալ ուղղությամբ։

ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված և ընդունելի միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչին ԳԴՀ կառավարությունը մշտապես աջակցել է:

Հայաստանը կարևորում է Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի հավասարակշռված կեցվածքը: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին Գերմանիան միշտ հետևել է ուշադրությամբ և փորձել նպաստել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում կարելի է հիշատակել նաև այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի օրերին դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեք հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ փորձելով նպաստել լարվածության թուլացմանը:

Ինչ վերաբերում է Գերմանիայի՝ որպես ԵՄ ծանրակշիռ անդամի, ինչպես նաև ընդհանուր ԵՄ ակտիվացմանը տարածաշրջանում, ապա կարծում եմ՝ այն առնվազն այսօր տեսանելի է: Ոչ վաղ անցյալում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանձնարարությամբ ԵՄ անդամ երեք երկրների՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի ԱԳ նախարարների այցը տարածաշրջան, կարծում եմ, դրա վկայությունն էր։ Առանձնացնեմ նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի և իհարկե Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արդեն մի քանի այցերը տարածաշրջան:

Այդուհանդերձ, հույս ունեմ, որ ԵՄ-ում ճիշտ կվերլուծվի և կգնահատվի այն, որ ժողովրդավարության ճանապարհն ընտրած և լայն քայլերով առաջ գնացող հայ հասարակությունը 44-օրյա պատերազմի օրերին հստակ քայլեր էր ակնկալում ԵՄ-ից:

Այսօր ԵՄ-ն կարող է հասցեական հումանիտար օժանդակություն ցուցաբերել արցախահայությանը և դրանով իր նպաստը բերել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս առումով Բեռլինից նույնպես պետք է ակնկալել ակտիվ քայլեր:

 

Հայտնի է, որ Անգելա Մերկելը հեռանում է երկրի ղեկավարի պաշտոնից և 2005 թվականից հետո առաջին անգամ չի հավակնելու Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնին։ Ի՞նչ կփոխեն սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ և ըստ Ձեզ` ինչո՞վ են դրանք հետաքրքիր կամ կարևոր Հայաստանի համար։

Հաշվի առնելով Հայաստան-Գերմանիա դինամիկ զարգացող հարաբերությունները և ընդհանրապես աշխարհում Գերմանիայի դերակատարության բարձրացումը՝ ԳԴՀ ներքաղաքական գործընթացները միշտ եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում: ԳԴՀ քաղաքական համակարգը, որպես ժողովրդավարական պետության մոդել, կարծում եմ՝ եղել և մնում է թե՛ հայաստանյան կուսակցությունների, թե՛ հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Պատահական չէ, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծված նոր՝ խորհրդարանական քաղաքական համակարգը շատ նման է ԳԴՀ գործող համակարգին, ինչն ի դեպ աննկատ չի մնացել նաև Գերմանիայի հասարակական-քաղաքական շրջանակներում:

Իրապես, դժվար է չնկատել, որ Անգելա Մերկելի ղեկավարման 16 տարիների ընթացքում Գերմանիան գրանցել է հսկայական առաջընթաց գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական աճից մինչև միջազգային հարաբերություններում Գերմանիայի կշռի ավելացում: ԳԴՀ-ն այսօր իրավամբ համարվում է ԵՄ հիմնական «լոկոմոտիվներից» մեկը և մեծ դերակատարություն ունի միջազգային մի շարք հարթակներում՝ Մեծ Քսանյակ, Մեծ Յոթնյակ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ և այլն: Չպետք է մոռանալ, որ տրամադրված մարդասիրական օժանդակության ծավալներով Գերմանիան շարունակում է լինել աշխարհում երկրորդը:

Պատահական չէր նաև դաշնային կանցլեր Մերկելի վարկանիշի բարձրացումը կորոնավիրուսի համավարակի տարածման ժամանակահատվածում, որի դեմ Գերմանիան կարողացավ բավականին արդյունավետ պայքար մղել՝ վերստին ստանձնելով ԵՄ-ում առաջատարի դերը՝ Ֆրանսիայի հետ միասին:

Ինչ վերաբերում է ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք արդեն ամփոփվել են, և հայտնի է, որ հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ներկայումս բանակցություններ են ընթանում, այսպես կոչված, «լուսացույցային» կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ, որը կազմված է լինելու ընտրություններում հաղթած Սոցիալ-դեմոկրատներից (կարմիր), Ազատ դեմոկրատներից (դեղին) և Կանաչներից:

Հաշվի առնելով ԳԴՀ կառավարությունների և ԳԴՀ արտաքին քաղաքականության մեջ հատկապես արտաքին գործերի նախարարության դերակատարությունը և վերջինիս ինստիտուցիոնալ բնույթը՝ կարծում եմ՝ բավարար հիմքեր կան պնդելու, որ մեր տարածաշրջանը շարունակելու է մնալ Գերմանիայի ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դեռևս սառըպատերազմյան տարիներից հայտնի է իր համեմատաբար առավել «արևելամետ» կեցվածքով: Չմոռանանք, որ հանրահայտ «Ostpolitik» տերմինը, որը նախանշում էր Արևելյան Գերմանիայի և առհասարակ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հետ մերձեցման քաղաքականություն, պրակտիկ քաղաքական կիրառում ստացավ հենց Սոցիալ-դեմոկրատ կանցլեր Վիլլի Բրանդտի օրոք: Իհարկե, անհավանական եմ համարում ԳԴՀ ընդհանուր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների՝ եվրոպական և տրանսատլանտյան ուղղությունների գերակայության փոփոխությունը, սակայն որոշ շեշտադրումներ կարող են վերանայվել: Գերմանիայի փորձագիտական լայն շրջանակներում կա կարծիք, որ առհասարակ Արևմուտք-ՌԴ լարվածության թուլացումը, դրանով իսկ նաև ԳԴՀ-ՌԴ հարաբերություններում հակասությունների հաղթահարումը բխում է նաև ԱլԳ անդամ երկրների շահերից:

Այդքանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերին դեռևս սպասվում են դժվար բանակցություններ և բնականաբար դրանք ենթադրելու են նաև կոնսենսուս, որի արդյունքում մասնակիցները «հարթում են սուր անկյունները» և ինչ-որ առումով նաև կորցնում այն յուրահատուկ քաղաքական «դիմագիծը», որով նրանք հայտնի են եղել լայն հանրությանը: Կոալիցիա կազմող ուժերը ստիպված են լինելու որոշակիորեն մեղմել իրենց ավանդական մոտեցումները՝ ընդհանուր հայտարարի գալու և կառավարություն ձևավորելու նպատակով:

https://armenpress.am/arm/news/1067992/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: