• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

24 հունիսի, 2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 18-22-ը աշխատանքային այցով ժամանել են Գերմանիա: Պատվիրակության կազմում էր նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի մեկնարկին պատվիրակությունն այցելել է Մյունխենի տեխնոլոգիական համալսարան և Բունդեսվեհրի համալսարան: Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի գործադիր տնօրեն Ֆրեդերիկե Հեթթինգերի հետ քննարկվել է, մասնավորապես, համալսարանի կառուցվածքի և կառավարման մոդելի հիման վրա «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: Բունդեսվեհրի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Կառլ Հայնց Ռենների հետ հանդիպմանը հայկական կողմը քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի սպայական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը:

Այնուհետև Նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ հանձնաժողվի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Բեռլինում հանդիպել են ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ: Հանդիպումների առանցքում եղել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության նոր հեռանկարները և զարգացման հարցերը: Սիսակ Գաբրիելյանն իր հերթին ներկայացրել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը և հնարավոր նոր նախաձեռնությունները:

Պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է: Քննարկվել է GIZ-ի հետ համատեղ դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով:

Հանդիպումների ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ հանձնաժողվի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իրենց գործընկերների խնդրանքով վերջիններիս ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության ծրագրերը՝ մասնավորապես բռնի տեղահանվածների կրթության, բնակարանային և այլ իրավունքների իրացմանն ուղղված միջոցառումները՝ նշելով այս ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Խաղաղությանը միտված կրթությանը և կրթության միջոցով խաղաղության արժեքների տարածմանը:

 «Մշակույթի նախարարների համաժողովի» գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացվող այլ ծրագրերը: Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում 20 տարուց ավելի իրականացվում են Արտասահմանում գերմանական դպրոցների (ZFA), Մանկավարժական փոխանակման (PAD) և Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրերը, ինչպես նաև Երևանում գործում է Գյոթե ինստիտուտի (Goethe Institut) գերմաներենի ուսուցման կենտրոնը: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել ԳԴՀ ուսումնական հաստատություններում հայերենի ուսուցում կազմակերպելու հնարավորությունները:

Հաջորդիվ պատվիրակությունն այցելել է Բեռլինի թանգարանային կղզի, շրջայց է կատարել Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի, «Բեռլինի պետական թանգարաններ» հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Յորգ Ֆյոլնագելի և «Պրուսական մշակութային ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Գերո Դիթմարի հետ: Քննարկվել է Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գերմանական խոշորագույն գիտահետազոտական չորս ընկերություններից մեկի՝ HELMHOLTZ ընկերության նախագահ Օթմար Վիսթլերի և Ֆրաունհոֆեր Fraunhofer ինստիտուտի ներկայացուցիչ  Բերթրամ Նիկոլայի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների, կլիմայի փոփոխությունների և արհեստական բանականությանը միտված ուսումնասիրությունների ուղղությամբ: Գերմանական կողմն առաջարկել է ամառային դպրոցների փոխանակման ծրագրերի անցկացում՝ երիտասարդ հետազոտողների և գիտնականների ներգրավմամբ:

Piranha Arts անկախ ստեղծագործական ընկերության և WOMEX – Worldwide Music Expo երաժշտական ցուցահանդես-փառատոնի ղեկավար կազմերի հետ քննարկվել է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորությունը:

Այցի ծրագրի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել են Հայաստանում EMBA՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունները:

Պատվիրակությունը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և ազգությամբ հայ աստվածաբան, Հալլե-Վիտենբերգի համալսարանի դասախոս Խաչիկ Ռաֆի Գազերի հետ։ Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող թեմաներ, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն թարգմանության հարցը: Պատվիրակությունն այցելել է նաև Լեփսիուսի տուն-թանգարան, ծանոթացել կառույցի գործունեությանը, տնօրեն Ռոյ Քնոքեի հետ քննարկել հայագիտության զարգացմանը միտված տարբեր համատեղ հետազոտությունների հնարավորությունը։ Պատվիրակությունը հանդիպել է նաև «Հումբոլդ ֆորում» հիմնադրամի նախագահ Հարթմութ Դորգերլոհի հետ, շրջայց կատարել ցուցասրահներում:

Բեռլինյան այցի ծրագրի ավարտին պատվիրակության այցի կապակցությամբ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին մասնակցել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Էվա Ֆոյսները, հայ համայնքի կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:

Պատվիրակության այցը Գերմանիա ամփոփվեց Լայպցիգ կատարած այցելությամբ, որտեղ նրանք հանդիպել են Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: Երևանն ու Լայպցիգը քույր քաղաքներ են, ինչը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես, կարևորվել է Երևանի և Լայպցիգի բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրկրթական դպրոցների միջև ուղիղ կապերի ստեղծումը: Քննարկվել են փոխանակման ծրագրերի իրականացման և համատեղ միջազգային կրթական ծրագրերի դիմելու հնարավորությունները: Հանդիպմանը քննարկվել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը: ԿԳՄՍ նախարարը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին կայանալիք Գրքի երևանյան միջազգային փառատոնին՝ քննարկելու համագործակցության հեռանկարները:

Լայպցիգում ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Լայբնից գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ (GWZO): Փոխտնօրեն Յուլիա Հերցբերգի հետ քննարկել է համատեղ կրթաթոշակային ծրագիր ունենալու հնարավորությունը՝ հայագիտական հետազոտությունների ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել արտերկրի գիտնականների համար նախատեսված ծրագրերին գերմանացի և հայ հետազոտողների համատեղ մասնակցության հնարավորությունը:

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև փոխքաղաքապետ, Երիտասարդության, դպրոցների և ժողովրդավարության բաժանմունքի ղեկավար Վիկի Ֆելթհաուսի հետ: Քննարկվել են երիտասարդների փոխանակման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի և Լայպցիգի երիտասարդական կազմակերպություններից մեկի միջև համագործակցության հնարավորությունները՝ փոխադարձ այցերի և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ԱՐՄԱԹ լաբորատորիաների, ՔՈԱՖ կենտրոնների գործունեությունը Հայաստանում:

Երիտասարդական քաղաքականության ուղղությամբ համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև ԵԽ որակի հավաստագիր ունեցող երիտասարդական կենտրոնների հետ:

ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոսություն:

Աշխատանքային այցն ամփոփվել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (UEFA EURO 2024) շրջանակներում Լայպցիգում ընթացող ֆուտբոլային խաղի դիտումով, ինչի նպատակով մարզադաշտում ՀՀ պատվիրակությանը հյուրընկալել է Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխաել Կրեչմերը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: