Համայնքի մասին

Կազմավորումը

Գերմանահայ համայնքի ձևավորման սկիզբն է համարվում 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը, երբ հայ մտավորականների և վաճառականների փոքր խմբեր ժամանում էին Բեռլին, Լայպցիգ, Դրեզդեն, Համբուրգ և հաստատվում այդ քաղաքներում: Գերմանիայի հայ ուսանողության առաջին կազմակերպությունը  հիմնվել է 1885թ. Լայպցիգի համալսարանում:

Հետագայում համայնքի շարքերն ընդլայնվեցին ցեղասպանությունից փրկվածներով և Երկրորդ աշխարհամարտի հայ ռազմագերիներով, որոնք տարբեր պատճառներով չվերադարձան Խորհրդային միություն: Մինչև 1960-1965թթ. Գերմանիայում հայերի թիվը հասնում էր 2000-3000-ի:

Վերջին տասնամյակներում համայնքը համալրվեց Մերձավոր և Միջին Արևելքից հայերի ներհոսքով: Իրանի իսլամական հեղափոխության և Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով սկսվեց այդ երկրներից զանգվածային արտագաղթի երկրորդ ալիքը: Բավականին մեծ թվով հայեր Գերմանիա գաղթեցին Թուրքիայից` հիմնականում գավառներից: Արդեն 1975թ. Համբուրգում, Մյունխենում, Բեռլինում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում ստեղծվեցին են մի շարք մշակութային միություններ: 80-ական թվականների վերջում նման միություններ ստեղծվեցին նաև Բրեմենում, Բիլեֆելդում, Դույսբուրգում, Բոննում, Նյուրնբերգում, ինչը վկայում էր Գերմանիայում հաստատված հայ բնակչության աճի մասին: Գերակշռող մասը համախմբվեց Հայ առաքելական եկեղեցու շուրջ: Մոտավոր հաշվարկներով, գերմանահայ համայնքի թիվը տատանվում է 50 հազարի սահմաններում: Այսօր գերմանահայ համայնքի թվի վերաբերյալ դժվար է ստույգ տեղեկատվություն տալը, քանի որ ՀՀ անկախությունից ի վեր սկսվեց հայաստանցիների նոր  արտագաղթը Գերմանիա:

Գերմանիայում գործող հիմնական կազմակեպություններին կարելի է բաժանել երկու մասի: Դրանք եկեղեցական համայնքներն են, որոնք համախմբված են Գերմանահայոց Առաջնորդարանի շուրջ և, այսպես կոչված, աշխարհիկ թևը, որը համախմբված է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի շուրջ: Համաձայն Գերմանահայոց Առաջնորդարանի պաշտոնական տվյալների` Գերմանիայում գործում է 14 եկեղեցական համայնք և 20-ից ավել հայկական հասարակական կազմակերպություն ու միություն:

Եկեղեցի


Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը ստեղծվել է Քյոլնում 1991թ.: Այստեղ տեղակայված է նաև Գերմանահայոց Առաջնորդարանը (առաջնորդ` Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյան): Առաջնորդարանի հիմնական եկամուտը թեմական տուրքն է: Տուրք վճարողները համարվում են եկեղեցական համայնքի անդամ, կարող են անդամակցել եկեղեցական բոլոր հանձնախմբերին, ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք, եկեղեցական արարողությունները (մկրտության, պսակադրության և հուղարկավորման արարողություններ) վերջիններիս համար կատարվում է անվճար: Գերմանահայ կազմակերպություններից թվով ամենաշատ անդամներ ունի Գերմանահայոց Առաջնորդարանը: Հայկական եկեղեցու և առաջնորդարանի շինությունները հայությանն են տրամադրել գերմանական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները:

Գերմանիայում գործում է նաև հայ բողոքականների փոքրաթիվ համայնքը (Առաջնորդ` պատվելի Հակոբ Ջամբազյան, քաղաք Վեցլար), որը մինչև 2010թ.  բարեգործական լայն աշխատանք էր ծավալում Հայաստանում և Արցախում:

Պարբերականներ

Գերմանիայում լույս է տեսնում «Հայ-գերմանական թղթակցություն»  ամսագիրը:

Գերմանահայ կազմակերպությունները և առանձին հայ անհատներ ունեն իրենց ինտերնետային էջերը, որոնք տեղեկատվություն են պարունակում Հայաստանի, գերմանահայ համայնքի, հայոց ցեղասպանության, հայկական մշակութային միջոցառումների վերաբերյալ:

Տնտեսական ներուժ

Եվրոպական այլ գաղութների հետ համեմատած` գերմանահայ համայնքի տնտեսական ներուժը շատ ավելի համեստ է: Գերմանահայերը, հիմնականում, զբաղվում են մանր առևտրով և վաճառականությամբ: Առանձնահատուկ հիշատակման կարիք ունի Գերմանահայ գործարարների միությունը, որը համեմատաբար նոր կառույց է: Միության հիմնական նպատակն է հավաքագրել Գերմանիայում բնակվող գործարարներին` իրենց անմիջական մասնակցությամբ օժադակելու ինչպես Հայաստանում ներդրումների խրախուսմանն ու ներգրավմանը, այնպես էլ փոքրիշատե հովանավորելու ներհամայնքային տարբեր միջոցառումներ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր