• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Համայնքի մասին

Կազմավորումը

Գերմանահայ համայնքի ձևավորման սկիզբն է համարվում 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը, երբ հայ մտավորականների և վաճառականների փոքր խմբեր ժամանում էին Բեռլին, Լայպցիգ, Դրեզդեն, Համբուրգ և հաստատվում այդ քաղաքներում: Տվյալ ժամանակահատվածում արդեն բավական թվով հայ ուսանողներ ապրում ու սովորում էին Գերմանիայում, որոնք էլ 1860թ. Լայպցիգ քաղաքում հիմնադրել են «Հայ Ակադեմիական Ընկերակցությունը», որը Գերմանիայում հայկական կառույց ստեղծելու առաջին փորձն էր։ Ընկերակցությունը սկզբում տարաբնույթ գործունեություն է ծավալել, սակայն բավական կարճ կյանք է ունեցել։ 2001թ. Բոխումում հիմնադրված «Հայ Ակադեմիական Միությունը» հանդիսանում է այդ միության իրավահաջորդը:    

Հետագայում համայնքի շարքերն ընդլայնվեցին ցեղասպանությունից փրկվածներով և Երկրորդ աշխարհամարտի հայ ռազմագերիներով, որոնք տարբեր պատճառներով չվերադարձան Խորհրդային միություն: Մինչև 1960-1965թթ. Գերմանիայում հայերի թիվը հասնում էր 2000-3000-ի:

1914թ. գերմանացի հայասեր-հայագետներ Յոհաննես Լեփսիուսը, Փաուլ Ռորբախը, Յոզեֆ Մարկվարտը և ուրիշներ, իրենց մի շարք հայ մտավորական ընկերների հետ միասին հիմնել են «Գերմանա-Հայկական Ընկերակցությունը» (DAG), որը գրանցված էր Բեռլինում։ Ընկերակցության հիմնական նպատակը հայկական հարցերով զբաղվելն էր։ Նրա գործունեությունն ընդհատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սակայն 1972թ. ընկերակցությունը վերսկսեց իր գործունեությունը՝ այս անգամ գրանցվելով Ֆրանկֆուրտ քաղաքում:

Գերմանահայ առաջին համայնքային կառույցը ստեղծվել է 1923թ.՝ «Բեռլինի հայկական գաղութ» անվանմամբ՝ գրանցվելով Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամասի պետական գրանցամատյանում։ Հայկական այս հաստատությունը ևս ստիպված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդհատել իր գործունեությունը։ Միայն 1966թ. այն կրկին գրանցվել է միությունների գրանցամատյանում և վերսկսել իր գործունեությունը։ 1980-1998թթ. բեռլինահայ այս միությունն ունեցել է երկու անվանում՝ «Բեռլինի հայկական գաղութ» և/կամ «Բեռլինի Հայ առաքելական եկեղեցական համայնք»: 1999թ. բեռլինահայ համայնքի վերակազմավորման արդյունքում առաջացան երկու հայկական հաստատություններ՝ «Բեռլինի Հայ Համայնք» աշխարհիկ-մշակութային միությունը և «Բեռլինի Հայ եկեղեցական ու մշակութային համայնքը», որը եկեղեցական-մշակութային միություն է։ 

Վերջին տասնամյակներում համայնքը համալրվեց Մերձավոր և Միջին Արևելքից հայերի ներհոսքով: Իրանի իսլամական հեղափոխության և Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով սկսվեց այդ երկրներից զանգվածային արտագաղթի երկրորդ ալիքը: Բավականին մեծ թվով հայեր Գերմանիա գաղթեցին Թուրքիայից` հիմնականում գավառներից: Արդեն 1975թ. Համբուրգում, Մյունխենում, Բեռլինում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում ստեղծվեցին են մի շարք մշակութային միություններ: 80-ական թվականների վերջում նման միություններ ստեղծվեցին նաև Բրեմենում, Բիլեֆելդում, Դույսբուրգում, Բոննում, Նյուրնբերգում, ինչը վկայում էր Գերմանիայում հաստատված հայ բնակչության աճի մասին: Գերակշռող մասը համախմբվեց Հայ առաքելական եկեղեցու շուրջ:

Աշխարհիկ-մշակութային հայկական միությունների ու կազմակերպությունների գործունեությունը համակարգելու նպատակով 1969թ. հիմնադրվել է նրանց համակարգող կենտրոնական մի կառույց, որն ներկայումս կոչվում է «Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ», որը փորձում է գերմանահայ համայնքի ձայնը լսելի դարձնել տարբեր հարթակներում և ներկայացնել գերմանահայության շահերը։

* * *

Ներկայումս, ըստ մոտավոր տվյալների, Գերմանիայում ապրում են շուրջ 60-70 հազար հայեր: Գերմանահայ համայնքն այսօր հիմնականում բաղկացած է այն հայերից, որոնք Գերմանիա են գաղթել և այստեղ հաստատվել վերջին 60-70 տարիների ընթացքում։ Վերջին 50 տարիներին Գերմանիա են ժամանել բազմաթիվ հայ մտավորականներ, ուսանողներ ու կրթաթոշակառուներ, որոնք սովորել կամ սովորում են Գերմանիայի տարբեր բուհերում։ Նրանք այսօր ակտիվ դերակատարում ունեն Գերմանիայի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ, զանազան ոլորտների գիտնականներ, երաժիշտներ և այլն:

Համայնքային կառույցների ձևավորմանը զուգընթաց հիմնվեցին նաև մի քանի կարևոր այլ հաստատություններ ևս։ Նրանցից է Բոխումի Ռուհր համալսարանին կից գործող «Սփյուռքի և ցեղասպանությունների հետազոտական ինստիտուտը», որը հիմնադրվել է 1980-ական թթ. վերջերին՝ շնորհիվ գերմանահայ պրոֆ․ Միհրան Տապաղի։ Այս ինստիտուտը, որը մինչև 1995թ. կոչվում էր «Հայագիտական ​​հետազոտությունների հիմնադրամ», հիմնականում զբաղվում էր հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ։ Իր նպատակների վերաձևավորման արդյունքում ինստիտուտն ներկայիս զբաղվում է նաև այլ ժողովուրդների ցեղասպանությունների ու դրանց զոհերի ժառանգների վրա ցեասպանությունների ազդեցության ուսումնասիրությամբ։

Համայնքում գործում են մի շարք այլ կառույցներ ևս, ինչպիսիք են օրինակ՝ 1999թ. դոկտ. Թեսսա Հոֆմանի նախաձեռնությամբ հիմնված «Ճանաչման աշխատանքային խումբը», «Հայակական տեղեկատվական ու փաստավավերագրական կենտրոնը», «Հայ իրավաբանների միություն», «Գերմանահայ բժիշկների և բուժաշխատողների Միությունը», «Հայ գործարարների միությունը», «Հայաստան-համահայկական հիմնադրամը», «Հայ Օգնության Միությունը - Հ.Օ.Մ.» եւ այլն։

Հայկական աշխարհիկ-մշակութային միություններ ու համայնքներ են գործում նաեւ Համբուրգ, Մյունխեն, Քյոլն, Ֆրանկֆուրտ, Լայպցիգ և մի շարք այլ քաղաքներում։



Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի

Գերմանիայի Հայոց Թեմ


Ըստ Հայկական հանրագիտարանի՝ 1930-ական թթ. Գերմանիայում ապրել են շուրջ 700 հայեր։ Առաջին հայ հոգևորականը, որը 20-րդ դարում հովվական աշխատանք է կատարել Գերմանիայում, եղել է Գրիգոր վարդապետ Շահլամյանը, ով Գերմանիա է եկել 1922թ. որպես աստվածաբանության ուսանող։ Ուսումնառությունից հետո նա մնացել է Գերմանիայում և հոգացել գերմանահայերի հոգևոր կարիքները՝ 1926-1945թթ. Բեռլինից, այնուհետև Շտուտգարտից մինչև իր մահը՝ 1952թ.։ 1945-1948թթ. ևս մեկ հայ հոգևորական է՝ Վահան վարդապետ Ասկարյանը, հոգևոր ծառայություն մատուցել Շտուտգարտում և Էսլինգենում։ Շահլամեանի մահից հետո մինչև 1965թ., հայերը մնացել են առանց մնայուն հոգևորականի։ Այնուամենայնիվ, երբեմն-երբեմն Ֆրանսիայից հոգևորականներ են այցելել Գերմանիա և հոգացել այստեղի հայության հոգևոր կարիքները։

 1965թ. սկսած Գերմանիայում մնայուն հոգևոր ծառայություն են մատուցել մեկ կամ երկու հոգևորականներ։ Այդ տարիներից սկսած Գերմանիայի տարբեր քաղաքներում հիմնվել են եկեղեցական համայնքներ, որոնց թիվն այսօր 16-ն է՝ հետևյալ քաղաքներում՝ Քյոլն, Մյունխեն, Բեռլին, Հալլե, Նյուրնբերգ, Գյոփփինգեն, Հանաու, Բրեմեն, Նոյվիդ, Քեհլ, Բիլեֆելդ, Բեբրա, Գիսեն, Հանաու, Մայնց, Բրաունշվայգ Դուիսբուրգ։ Գերմանիայի եկեղեցական համայնքները նախ եղել են Հայ Եկեղեցու Փարիզի, իսկ ապա Վիեննայի հայրապետական պատվիրակի հոգևոր խնամատարության ներքո։

 1991թ. վերջերին Գերմանիայի եկեղեցական համայնքների ներկայացուցիչներից բաղկացած ժողովը գրավոր դիմում է ներկայացրել Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին՝ Գերմանիայում հաստատել Հայ Եկեղեցու առանձին թեմ՝ համակարգելու գործող եկեղեցական համայնքների գործունեությունն ու համագործակցությունը։ 1992թ. հունվարի 31-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջելով ժողովի խնդրանքին, հատուկ կոնդակով հռչակել է Գերմանիայի Հայոց Թեմի ստեղծումը՝ Առաջնորդարանը հաստատելով Քյոլն քաղաքում։ Թեմի առաջին առաջնորդ է նշանակվել Գերմանիայում համալսարանական կրթություն ստացած Գարեգին վարդապետ Բեքջյանը, որը հետագայում ընտրվել է թեմակալ առաջնորդ և շարունակել իր առաջնորդական պաշտոնավարությունը մինչև 2018թ․ հունվար, մինչ այդ 1992թ․ սեպտեմբերի 22-ին Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից օծվելով եպիսկոպոս։

 Գարեգին արքեպս․ Բեքջյանի հրաժարականից երեք ամիս հետո, 2018թ․ ապրիլի 15-ին Գերմանիայի հայոց թեմի Թեմական-պատգամավորական ժողովը թեմակալ առաջնորդ է ընտրել Սերովբե վարդապետ Իսախանյանին։ Մեկ տարի անց, 2019թ․ մայիսի 12-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։

 Գերմանիայի հայոց թեմի առաջնորդանիստն է Քյոլնի «Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ» եկեղեցին։ Նրանից բացի թեմում գործում են ևս երկու հայկական եկեղեցիներ՝ Գյոփինգենի «Սբ․ Խաչ» և Հալլեի «Սբ․ Հարություն» եկեղեցիները։ Մնացած համայնքները իրենց կիրակնօրյա պատարագները մատուցում են իրենց քաղաքների քույր եկեղեցիներում։ Թեմում բացի թեմակալ առաջնորդ Սերովբե սրբազանից ծառայում են ևս 6 հայ հոգևորականներ։



Պարբերականներ

Գերմանիայում լույս է տեսնում «Հայ-գերմանական թղթակցություն»  ամսագիրը:

Գերմանահայ կազմակերպությունները և առանձին հայ անհատներ ունեն իրենց ինտերնետային էջերը, որոնք տեղեկատվություն են պարունակում Հայաստանի, գերմանահայ համայնքի, հայոց ցեղասպանության, հայկական մշակութային միջոցառումների վերաբերյալ:

Տնտեսական ներուժ

Եվրոպական այլ գաղութների հետ համեմատած` գերմանահայ համայնքի տնտեսական ներուժը շատ ավելի համեստ է: Գերմանահայերը, հիմնականում, զբաղվում են մանր առևտրով և վաճառականությամբ: Առանձնահատուկ հիշատակման կարիք ունի Գերմանահայ գործարարների միությունը, որը համեմատաբար նոր կառույց է: Միության հիմնական նպատակն է հավաքագրել Գերմանիայում բնակվող գործարարներին` իրենց անմիջական մասնակցությամբ օժադակելու ինչպես Հայաստանում ներդրումների խրախուսմանն ու ներգրավմանը, այնպես էլ փոքրիշատե հովանավորելու ներհամայնքային տարբեր միջոցառումներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: